Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկը երեքի դեմ

Մեկը երեքի դեմ
27.03.2023 | 20:11

Բոլորիս աչքի առաջ ադրբեջանցիք, պաշտոնական վերնախավից սկսած մինչև հասարակական դեմքեր, օր առ օր ավելի ագրեսիվ են դառնում, և դա չի արտահայտվում միայն հռետորաբանությամբ: Երեկ նրանց զինված ստորաբաժանումներն իրենց հենակետն առաջ են տարել մի այնպիսի հատվածում, որը արցախցիների համար կենսական անփոխարինելի նշանակություն ունի:

Ադրբեջանցի ասկյարները վերահսկողության են հասել գրունտային այն ճանապարհի վրա, որը Ստեփանակերտը կապում է Շուշիի շրջանում գտնվող արցախյան գյուղերի հետ:

Անտառմիջյան էդ նեղլիկ ճամփան միաժամանակ ծառայում է որպես այլընտրանքային ուղի՝ առկա շրջափակումը փոքր-ինչ մեղմելուն միտված:

Ռուս խաղաղապահներին դեռևս չի հաջողվել առաջ եկած ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնել, և շատ քիչ է հավանականությունը, որ դա նրանց կհաջողվի:

Նախկինում ևս եղել են նմանատիպ դեպքեր, և ադրբեջանցիներին հաջողվել է ագրեսիվ կեցվածքով ու համառությամբ իրենց պահել նոր գրաված դիրքերը՝ թքած ունենալով գործող համաձայնագրի, խաղաղապահների և մնացած ամեն ինչի վրա:

Հիմա ևս նույն պատմությունն է, բայց առավել ցինիկ ու հայատյաց գույներով. ադրբեջանցիք ամեն կերպ փորձում են լիովին սեղմել օղակը Արցախի շուրջ:

Այս ամենի մեջ արտառոցն այն է, որ համաձայնագրից իր օգտին շեղումներ կատարողը հենց ադրբեջանական կողմն է, և ոչ թե հայկականը:

Նայեք իրավիճակին. արցախյան «խաղաղ մարտադաշտում» էս պահին, տարբեր ներգրավվածությամբ, գործում են չորս ուժեր՝ Արցախի և Հայաստանի հանրապետությունները, ռուս խաղաղապահները և ադրբեջանը: Հայկական երկու և ռուսական կողմերի նպատակները, շատ առումներով, համընկնում են՝ երկրամասի անվտանգությունը և նրա ազատ կենսագործունեությունն ապահովելու տեսանկյունից: Բայց այս երեք ուժերը, պարզվում է, մեծավ մասամբ մատնված են անգործության. նրանք միասնական դիրքորոշմամբ հանդես չեն գալիս՝ որպես փոխլրացնող ուժեր: Հենց այդ փոխլրացումը կարող է հեշտությամբ կասեցնել ազերական ցանկացած սադրանք:

Նման դեպքերում փոքրիշատե հակազդող ուժը միայն Արցախի ՊԲ-ն է, բայց նրան լիարժեք աջակցություն է պետք:

Առայժմ դա չկա, և Ադրբեջանը կարողանում է միայնակ մյուս երեք կողմերին չեզոքացնել և պարտադրել իր պայմանները: Մեզ համար՝ չափազանց ամոթալի պատմություն:

Իրական նպատակադրվածության դեպքում ավելի քան հնարավոր է միասնականացնել հայկական երկու և ռուսական կողմերի ջանքերը: Նման համախմբվածության չգնալը հավասարազոր է ինքնախեղման, ի վերջո, ինքնասպանության:

Եվ ազգային ներքին մասնատումը տեղի է ունենում բացառապես ՀՀ գործող իշխանության մեղքով, ով այս պայքարում հանդես է գալիս ոչ թե որպես հայկական շահերը միավորող ու համակարգող, այլ բնականորեն առաջացող միությունը ջլատող երևույթ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4826

Մեկնաբանություններ